Կարդում ենք Տերյան
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…
1. Ի՞նչ տրամադրություն է գերիշխում՝ հույս, ցավ, հավատ, վախ, այլ։
Գերիշխում է ցավն ու տագնապը, բայց նաև կա խոր հավատ և կարոտ հայրենիքի հանդեպ։
2. Ո՞ր նախադասությունը կարող ես համարել հռետորական հարց։
«Մի՞թե վերջին պոետն եմ ես, Վերջին երգիչն իմ երկրի…»
3. Բանաստեղծն իրեն վերջին պոետն է համարում․ դա հուսահատությո՞ւն է, թե՞ պատասխանատվություն։
Դա և՛ հուսահատություն է, և՛ մեծ պատասխանատվություն՝ հայրենի լեզուն ու ոգին պահպանելու։
4. Գրի՛ր Նաիրի երկրի պատասխանը պոետին։
«Դու վերջինը չես։ Քո երգը նոր երգիչներ կծնի։ Քանի դեռ իմ լեզուն հնչում է, ես կապրեմ»։
5. Ինչպիսի՞ն է Նաիրին՝ ըստ այս բանաստեղծության։
Նաիրին պայծառ, արքայական, լուսեղ, բայց նաև ցավով պատված ու երազային հայրենիք է։
ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ
Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…
1. Ո՞ր բառերն ու արտահայտություններն են ցույց տալիս գարնան գալուստը։
«քաղաքաբույր ծաղկանց», «ժպտում են անտառ ու ձորակ», «նոր կյանք ես վառել», «ծաղկել ես», «ոսկեղեն հեռուն»։
2. Ներկայացրո՛ւ քնարական հերոսի զգացումները, նաև առանձնացրո՛ւ այդ զգացումները նկարագրող տողերը։
Հերոսը զգում է ուրախություն, ազատություն, վերածնունդ։
Տողեր՝ «Դուրս ելա տխուր մենության բանտից», «Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր»։
3. Բացատրի՛ր «մենության բանտ» արտահայտությունը։
Հոգեկան մեկուսացում, տխրություն, փակվածություն։
4. Դո՛ւրս գրիր մակդիրներ։
քաղաքաբույր, հրեղեն, խոսուն-սառնորակ, զվարթ, ոսկեղեն, պայծառ, տխուր։
5. Ինչո՞ւ է գարունը հաճախ ներկայացվում նոր կյանքի և հույսի խորհրդանիշ։
Քանի որ գարնանը բնությունը վերածնվում է, ծաղկում և կյանքը նորից սկսվում է։
6. Քո կարծիքով՝ բանաստեղծությունը ավելի շատ բնությա՞ն, թե՞ մարդու ներաշխարհի մասին է։ Հիմնավորի՛ր։
Ավելի շատ մարդու ներաշխարհի մասին է, որովհետև գարունը փոխում է հերոսի հոգեվիճակը։
7. Կարո՞ղ է բնությունն ազդել մարդու հոգեվիճակի վրա։
Այո, բնությունը կարող է մարդուն տալ ուրախություն, հույս և ներշնչանք։
8. Բացատրի՛ր անհասկանալի բառերը։
հրեղեն — կրակոտ
զվարթ — ուրախ
ոսկեղեն — ոսկու նման փայլուն
9. Բանաստեղծության վերջին տողը փոխի՛ր՝ ոճը պահելով։
«Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, կենսատու գարուն…»
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տըխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…
Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պա՛տկերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…
1. Բացատրի՛ր բառերը՝ մեղմալույս, անուրջ, անեղծ, փարոս։
մեղմալույս — նուրբ, թույլ լույս
անուրջ — երազ
անեղծ — մաքուր, անխաթար
փարոս — լույս տվող, ուղղություն ցույց տվող խորհրդանիշ
2. Ի՞նչ հոգեվիճակ է արտահայտում «իմ խաղաղ երեկոն է» արտահայտությունը։
Խաղաղ, մտորումների և հիշողությունների մեջ ընկղմված վիճակ։
3. Ըստ քեզ՝ ո՞ւմ է դիմում հեղինակը։
Իր առաջին սիրուն կամ սիրելի մարդու հիշատակին։
4. Մեկնաբանի՛ր քառատողը։
Բանաստեղծը հասկանում է, որ կյանքում դժվարություններ են լինելու, բայց սիրելիի անունը նրան ուժ և ուղղություն կտա կյանքի խաբկանքի ու մահվան դեմ։
5. 4-5 նախադասությամբ ներկայացրո՛ւ բովանդակությունը։
Բանաստեղծը հիշում է իր առաջին մաքուր սերը։ Նա գիտակցում է, որ տարիները կանցնեն, բայց այդ հիշողությունը կմնա անեղծ։ Թեպետ կյանքում կլինեն տանջանքներ ու սև օրեր, սիրելիի անունը նրա համար փարոսի նման կլինի։ Սերը նրան ուժ կտա դիմակայելու դժվարություններին։
Ընթերցել Տխրություն
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…