Архив рубрики: Գրականություն

Է՛հ, բախտս չի բերում: Հարուկի Մուրակամի

Այդ օրը, երբ մենք Ստոկհոլմում վարձու ավտոմեքենա վերցրինք, մեր բախտը բերում էր: Նախ՝ մեքենան ուղիղ հյուրանոցի առաջ բերեցին: Երկրորդ՝ նոփ-նոր «Սաաբ 9-3» էր, ոչ թե ինչ-որ հին-մին «Օպել-Աստրա»: Մայիսն էր: Կապույտ սկանդինավյան երկինքը թեթև լողում էր մեր գլխավերևում: Ծրագիրն ինքնաբերաբար ծնվեց՝ որոշեցինք արագընթաց խճուղիով գնալ հարավ: Ճանապարհին ուզում էինք ինչ-որ գյուղակում կանգ առնել ու տեղի հաճելի հյուրանոցում մի քանի օր անցկացնել: Հետո լաստանավով (ավտոմեքենայի հետ) լողալ Դանիա: (Հիմա հնարավոր է կամրջով գնալ, բայց այն ժամանակներում Դանիա հասնում էին լաստանավով, որ նրբագեղ հանդարտությամբ այս ու այն ափ էր լողում): Սքանչելի ծրագիր է, չէ՞: Ազատություն: Մեր բոլոր գործերը Ստոկհոլմում ավարտել էինք, հրաշալի տրամադրություն ունեինք ու մտովի վայելում էինք հաճելի ճանապարհորդության հմայքները:

Առավոտ վաղ դուրս եկանք հյուրանոցից ու նստեցինք մեքենան: Շարժիչը բվվաց և մի քանի րոպեից քաղաքի փողոցներն ավարտվեցին, մենք դուրս եկանք արագընթաց խճուղի: Ձեռքի փոխանցատուփի լծակը սահուն ենթարկվում էր դաստակիս շարժումներին՝ ասես տաք դանակով կարագ ես կտրում: Եվ եթե ինձ խնդրեին ընտրել, ասենք, ոչ ամենա-ամենա-ամենաերջանիկ առավոտը իմ կյանքում, այլ առաջին տասնյակը, այդ առավոտը հաստատ ցանկում կհայտնվեր:
Ճաապարհին կանգ առանք և հրաշագեղ լճակի ափի ռեստորանում նախաճաշեցինք՝ ձուկ ու սալաթ: Ու շարունակեցինք դեպի հարավ մեր ճանապարհը: Մեքենայի պատուհանից աչք էին շոյում գարնանայնորեն թարմ, կանաչապատ դաշտերը, «Սաաբի» շարժիչը համաչափ ու հաճելի գվվում էր՝ Մոցարտի «Փոստային գալարափողի սերենադի» տակտով: Օրը փառահեղ էր: Այդ փառահեղ անվերջության մեջ ուղեկցուհիս ինձ հարց տվեց՝ ասես «Կոպիտ իրականություն» անվանվող կոշտ քաթանի պարկի ամենատակից հանեց երկշաբաթյա վաղեմության կեղտոտ գուլպաները, որոնցով թենիսի մի քանի պարտիա ես խաղացել: Մղձավանջային հարց.
-Իսկ անձնագրերը, հետդարձի տոմսերն ու դրամը վերցրե՞լ ես:
-……………….
Անձնագրերը, հետդարձի տոմսերն ու դրամը:
Մեր փաստաթղթերը, իդեպ. թանկարժեք իրերի համար նախատեսված հատուկ քաթանե տոպրակի մեջ, ես պահպանության էի հանձնել հյուրանոցի պահոց: Եվ, իհարկե, մոռացել էի վերցնել:
Ես նայեցի ցուցիչին. մենք արդեն Ստոկհոլմից 250 կիլոմետր հեռացել էինք: 250 կիլոմետր, այսինքն՝ մոտավորապես Տոկիոյից Համանակո լիճը: Հեռու է, չէ՞: Արդեն ցերեկվա երեքն էր: Խոր ու ծանր հոգոց հանելով ես կանգ առա ճանապարհի եզրին: Ու հենց այդ պահին, կարծես ինձ էր սպասում, անձրև սկսվեց:
Մենք վերադարձանք Ստոկհոլմ: Ուրիշ ելք չկար: Հյուրանոց հասանք միայն ուշ երեկոյան (քաղաք մտնելով ես, իհարկե, մոլորվեցի), արևը վաղուց մայր էր մտել: Հոգնածությունից ու ներքին ինչ-որ ամայությունից մենք նույնիսկ ի վիճակի չէինք խոսել: Եթե իրար են հաջորդում շատ հաճելի իրադարձություններ, հետո անպայման սկսվում է հակառակը: Այդպես է կյանքը կառուցված: Ինչ կարող ես անել:
Նույնիսկ հիմա, երբ նայում եմ Շվեդիայի քարտեզին, անմիջապես հիշում եմ հենց այդ օրը ու հերթական անգամ համաձայնում եմ ժողովրդական իմաստնությանը՝ «Եթե ամեն ինչ շատ լավ էշուտով ամեն ինչ շատ վատ է լինելու»:
Իսկ Շվեդիային հաստատ այնքան էլ հաճելի չէ, որ ես իրեն հիշում եմ այդ ենթատեքստում:

  1. Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.
  • անմիջականությունը, անկեղծությունը
  • սյուժեն հետաքրքիր է
  • լարված դեպքեր են նկարագրված
  • հումորային է պատումը
  • ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված
  • արժանիք չունի:

Ես ընտրեցի <<ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված>>-ը, որովհետև նրանք ուզում էին գնալ լավ ճամփորդության, բայց նրանց խանգառեց միայն թղթի կտորը: Կարևոր գաղափարը այն է, որ ամեն ինչ կարևոր է, նույնիսկ չնչին հանգամանքները: Կարող եմ այս ասելիքը նմանեցնել հետևյալ ասացվածքի հետ՝ <<Նույնիսկ փոքր քայլերը, իրենց հետևից հետքեր են թողնում>>:

2. Տրված բնութագրումներից որո՞նք են համապատասխանում պատմող հերոսին. Ընտրությունը հիմնավորե՛ք՝ հղում անելով տեքստին.

  • կենսախինդ էր
  • ամեն ինչ բարդացնում էր
  • չէր սիրում ճամփորդել
  • անփույթ էր +
  • ուներ երջանկության իր ընկալումը:

Հորթը

Օրը թեքվում է դեպի մայրամուտ,

Հովերն են խաղում ձորալանջն ի վար,

Երկարում են խիտ ստվերներն անփույթ

Եվ կամաց-կամաց խառնվում իրար:

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա:

Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,

Թփի տակ նստել, որոճում է լուռ…

Մասրենու մի ոստ կպել է պոչին

Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:

Ականջի մեկը կախել է մի քիչ,

Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,

Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից

Արցունքի բարակ առուն է հոսում:

                                                                                                                                  Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,

Եվ կանաչել է լեզուն բերանում…

Իսկ աչքից բխած առվի ակունքին

Մի ճանճ է իջել ու չի հեռանում:

Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի

Տերևը  հանկարծ քսվում է նրան,

Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝

Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Հորովելներ են ոլորվում դաշտին,

Սարերի վրա գառներ են մայում…

Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին

Մասրենիների արանքից  նայում:

  1. Բառերը էլ.  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ձորալանջ-Ձորը եզերող լեռան լանջ:
անփույթ-փնթի
կածան-Ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ:
որոճալ-Կերածը բերանը ետ բերելով կրկին ծամելով մանրացնել ու կուլ տալ:
հորովել-Վարելիս երգվող երգ:

  1. Նկարագրի՛ր հորթին ըստ բանաստեղծության:

Հորթը նստել է, մեծ աչքերով, դունչը կեղտոտված է հողով աչքից հոսում էր արցունքներ

  1. Նկարագրի՛ր հորթին շրջապատող բնությունը:

Գեղեցիկ, ամառային, տխուր։

Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները՝ 
ա. Հովերն են խաղում ձորալանջն ի վար…-Ձորում մեղմ քամի է։
բ. Հորովելներ են ոլորվում դաշտին…-Երգը տարածվում է ամբողջ դաշտով։

  1. Բանաստեղծության մեջ արտահայտված զգացումը մեկ բառով ինչպես կանվանես:

Կարող եմ միայն երկու բառով:

<<Գյուղական երեկո>>

6. Տեքստի բոլոր գոյականները դարձրու հոգնակի:

Օրեր, մայրամուտներ, ձորալանջներ, հորթեր, կածաններ, տերևներ, լեզուներ, ճակատներ, դունչեր, թփեր, պոչեր, ականջներ, աչքեր, արցունքներ, առուներ, շրթունքներ, ակունքներ, ճանճեր, մորթեր, ստվերներ, դաշտեր:

Անունդ տալիս

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

1. Դուրս բեր մգեցված բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Ալևոր-ծեր մարդ

Ծիծեռի-ծիծեռնակ

մատուռ-աղոթելու տեղ

վեմ-ժայռ

որմ-պատ

վարսաթափ-տերևաթափ, մազաթափ

ցուպ-դագանակ

հայրեն-Հայկական ժողովրդական տաղաչափության մի տեսակը

տաղիկ-փոքրիկ բանաստեղծություն

Առվույտ-Այդ բույսը ցանած արտ

2. Դուրս բեր քեզ դուր եկած ամենագեղեցիկ նկարագրությունը։ 

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

3. Դու ի՞նչ ես հիշում Հայաստան ասելիս։ 

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Խիզախը կամ  աներկյուղը


Էլել է, չի էլել՝ մի պառավ։ Այս պառավը մի որդի է ունենում մինուճար։ Տղան երբ որ մեծանում է՝ լսում է, որ աշխարհումս շատ երկյուղալի բաներ կան, որոնցից պետք է հեռու մնալ։ Ասում է.

― Ա՛խ, ինչպե՜ս կցանկանայի, որ մեկ տեսնեի, թե ի՛նչ բան է երկյուղը։

Պառավը շատ տեղ է տանում տղային, շատերի մոտ աշակերտության տալիս, որ մեկ արհեստ սովորի, բայց նա ոչ մեկի մոտ չի մնում և ասում է մորը.

― Ես ուզում եմ տեսնել, թե ի՛նչ բան է երկյուղը․ եթե այդպիսի արհեստավոր կա՝ ինձ տուր նրա մոտ, ես այնտեղ կկենամ։

― Որդի՛, երկյուղը ո՛չ արհեստ է, ո՛չ արհեստավոր,― ասում է մայրը,― այդ բանը ամեն մարդու սրտում էլ կա. եթե դու ոչ մի բանից չես վախենում, ուրեմն՝ քո սրտումդ երկյուղ ասածը չկա, դու աներկյուղ ես։

― Մա՛յր, այդ երևի լավ բան է, որ ամեն մարդի սրտում էլ կա,― ասում է տղան,― ուզում եմ ես էլ ունենալ, բայց որտե՞ղ գտնեմ, որտե՞ղ ձեռք բերեմ։

― Աստված մի՛ արասցե, որդի՛, այդպես բան չես անիլ,― ասում է պառավը և երկյուղալի դեմքով բացականչում.― Ո՜հ… որ իմանաս՝ ի՜նչ երկյուղալի և սարսափելի բաներ կան աշխարհիս երեսին…

― Որտե՞ղ են այդ սարսափելի բաները, մա՛յր, հապա ինչո՞ւ ես ոչ մեկ անգամ չեմ տեսնում։

― Հապա սարսափելի չե՞ն քառասուն հարամիքը. ամբողջ աշխարհս դողում է նրանց ձեռին, նրանց երկյուղից ոչով սիրտ չի անում նրանց հողումը ոտք դնել։

― Ուրեմն՝ նրանց որ տեսնեմ, անպատճառ կվախենա՞մ, մա՛յր։

― Աստված մի՛ արասցե, որդի՛, իհարկե կվախենաս, քար լինի՝ կհալչի նրանց երկյուղից։

Աներկյուղը մյուս օրը ճանապարհ ընկավ ու գնաց երկյուղ փնտրելու։ Նա ոչինչ չուներ, այլ միայն մի պարկ ուներ շալակին, մի կտոր չոր հաց ուներ կռնատակին և մի չոր մահակ՝ ձեռին։

Ճանապարհին ով որ պատահում էր ու հարցնում, թե՝ ուր ես գնում, նա պատասխանում էր.

― Գնում եմ երկյուղ փնտրելու։

― Գիժ կլինի սա,― ասում էին հանդիպողները և գլխները թափ տալիս։

Աներկյուղը գիժ չէր և ո՛չ հիմար։ Նա շատ խելոք էր մտածում, բայց երբեք խելոք չէր խոսում։ Նա տեսնում էր, որ իր շրջապատի մարդիկը բոլորն էլ հիմար են, ոչ մեկն իր նման չի մտածում, այս պատճառով ինքն ավելի ևս հիմարանում էր և նրանցից ավելի էլ հիմար բաներ ասում։ «Շատ էլ որ ասեմ, թե՝ ես իմաստուն եմ, ո՞վ կհավատա»,― մտածում էր Աներկյուղը. «Լավն այն է, որ գործով ցույց տամ, թե՝ ես հիմար չեմ, իսկ քանի որ գործ չկա, խոսքը նշանակություն ունենալ չի կարող»։

Այսպես են լինում առհասարակ բոլոր կարգե դուրս մարդիկը։ Նրանք որովհետև նման չեն լինում բոլոր մյուսներին, այդ պատճառով գիժ են համարվում։ Բայց հետո, երբ այդ գիժ համարվածները դառնում են նշանավոր և երևելի մարդիկ, ամբոխը զարմանում է, թե ինչպե՛ս նրա պես գիժ տղան խելոք մարդ դառավ։

Մեր Աներկյուղը գլխիցը ձեռք վեր առած՝ գնաց հասավ քառասուն հարամիների բնակարանը։

Մի ահռելի ժայռի մեջ էր նրանց բնակարանը։ Ժայռի մեջը փուչ էր, ու բազմաթիվ միջանցքների ու սենյակների պես բաներ կային նրանում։ Հին ժամանակները այդտեղ երկաթահանք էր եղել։ Հանքահանները, ժայռը փորելով՝ հանել էին երկաթաքարը, ով գիտե քանի հարյուր տարի, և մեջեմեջ սյուներ թողնելով, որ ժայռը վերևից չփլչի, շինել էին ստորլեռնյա ահագին մաղարեք, զաղեք, քարայրներ, որոնցից ամեն մեկը մյուսի հետ միացած էր մի միջանցքով և առանձին ճանապարհով դեպի դուրսը։

Հարամիների համար այդ բնակարանը մի անմատչելի ապաստարան էր։ Պատ և տանիք չուներ, որ քանդեին, ահագին սարին ի՞նչ կարող էին անել, իսկ ներսը մտնել կարող էին միայն հատ-հատ, և ո՞վ կհամարձակվեր ինքն իրան քառասուն հարամու բերանը գցել։ Այս պատճառով ահա այդ քառասուն հարամիքը ահ ու սարսափ էին տարածել շրջակա գյուղերի և քաղաքների վրա։ Գազանների պես դուրս էին գալիս իրանց անմատչելի տնից ու հարձակվում էին քարվանների, հոտերի, նախիրների և քաղաքների ու գյուղերի վրա և թալանում, կողոպտում, հափշտակում ամենայն ինչ, մինչև անգամ շատ աղջիկ ու կնիկ, և բերում լցնում իրանց բնակարանը։

Ահա՛ այս բնակարանը գնաց Աներկյուղը։

Եթե Աներկյուղը ոչ մի երկյուղ չուներ հարամիներից, հարամիքը ավելի ևս երկյուղ չէին ունենալ նրանից ու պիտի ընդունեին իբրև մի անմեղ տղայի, որ դեռ չգիտե, թե՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։

— Ո՞ր քամին է բերել քեզ մեզ մոտ,- հարցրեց նրան ավազակապետը,- ո՞ւր ես գնում և ինչո՞ւ համար ես եկել մեզ մոտ։

Աներկյուղը պատասխանեց.

— Ես ոչնչից չեմ վախենում և չգիտեմ՝ ի՞նչ բան է երկյուղը։ Լսեցի, որ դուք շատ երկյուղալի մարդիկ եք, եկել եմ, որ տեսնեմ, թե՝ ի՛նչ կա ձեզանում, որ մարդիկ այնքան վախենում են ձեզանից։

Ավազակապետը ծիծաղեց տղայի պարզամտության վրա և ասաց.

— Մեզանից այն մարդիկն են վախենում, որոնք մի բան ունեն և գիտեն, որ այն բանը մենք պիտի խլենք նրանցից ու զրկենք նրանց՝ իրանց ունեցածից, իրանց սիրած բանից։ Իսկ դու, որովհետև ոչինչ չունես և զուրկ ես նույնիսկ Աստուծո տված խելքից, իհարկե որ չես վախենալ։

— Բայց ես ուզո՛ւմ եմ վախենալ. ինչպե՞ս անեմ, ուրեմն, և ո՞ւր գնամ, որ վախենամ, որ իմանամ, թե՝ ի՛նչ բան է վախը։

— Եթե այդքան ցանկանում ես՝ մեզ մոտ կաց և կտեսնես։

— Շատ շնորհակալ կլինեմ,– ասաց Աներկյուղը և անձնատուր եղավ ավազակապետին։

Ավազակապետը մի դաժան դեմքով մարդ էր։ Հաստ-հաստ ու խիտ մազերով հոնքերը կախ էին ընկած խոր ընկած կոպերի վրա, բայց տակից բորբոքված կրակի նման կայծեր էին արձակում նրա աչքերը։ Կուրծքը լայն էր, ինչպես մի սարի լանջ, և բրդբրդոտ, ինչպես խոզի բաշ։ Վիզն այնպես հաստ էր, ինչպես մի մամռապատ կոճղ, և այնպես ջլուտ, որ կարծես ցուլի վիզ լիներ։ Եթե Աներկյուղը վախկոտ լիներ՝ նրան տեսնելուն պես կսարսափեր, բայց ավազակապետը նրան թվաց իբրև մի գոմեշ կամ ուղտ, որոնք չնայած իրանց արտաքին ահռելիությանը՝ սովոր մարդկանց վրա ոչ մի երկյուղ չեն ազդում, այլ իրանք են վախենում նրանցից։ Աներկյուղն այնպես էր նայում հսկայի վրա, ինչպես գոմեշ խրտնեցնել և վախեցնել ուզող մի երեխա։

— Այս տղան մեզ շատ պետք կգա,– ասաց ավազակապետը մյուսներին։- Մենք սրան կարող ենք լրտես շինել և ուղարկել զանազան տեղեր, ուր մեզ չի կարելի գնալ։ Բայց պետք է նախ և առաջ փորձել սրա աներկյուղությունը։

Աներկյուղին սիրով պահպանեցին մի քանի օր. նրան ձիապահի և խոհարարի պաշտոն տվին, և հետո, նրա աներկյուղությունը փորձելու համար, ավազակապետն ասաց նրան.

— Այս քանի օր է՝ փորս սաստիկ ցավում է, եթե մի լավ հալվա եփես ինձ համար, ես կուտեմ և կառողջանամ. միայն թե՝ այդ հալվան պիտի եփես այսինչ գերեզմանատանը գիշեր ժամանակ և այն էլ՝ նոր թաղած մեռելի կողքին։

Այս պատվերը տվավ ավազակը, իսկ ինքը վաղօրոք գնաց մտավ իր ասած գերեզմանումը թաք կացավ։

Երբ լավ մթնեց՝ Աներկյուղը նույն տեղը կրակ վառեց և սկսեց հալվան եփել։ Շերեփը ձեռին խառնում էր հալվան ու մի երգ մռմռում քթի տակին։ Բայց ահա տեսնում է, որ մի բան է խրթխրթում գերեզմանումը, մեկ էլ՝ մեռելը ձեռքը հանում է գերեզմանիցը և մեկնում դեպի տղան, ողորմություն ուզելու պես։ Աներկյուղը շերեփը լցնում է հալվայով, փչելով հովացնում և ածում է մեռելի ափը։ Նա ներս է քաշում կուռը (թևը), տվածն ուտում է և էլի մեկնում ձեռքը։ Աներկյուղը մեկ էլ է լցնում շերեփը հալվայով, հովացնում և ածում մեռելի ափը։ Այսպես կրկնվում է երեք անգամ։ Բայց չորրորդ անգամ էլ որ մեկնում է՝ նա, փոխանակ հալվայի, կրակոտ խանձուղով խփում է ձեռքին և ասում.

— Քեզ պես անամոթ մեռել չեմ տեսել, բավակա՛ն է ինչքան որ կերար. բոլորը որ քեզ ուտացնեմ, էլ իմ աղային ի՞նչ տանեմ. եթե որ այդպես ուտելու ախորժակ ունեիր, էլ ո՞ւր էիր մեռնում. երևի, բանից ես փախել և ընկել մեռելների կարգը։

Մեռելը մեկ էլ է պարզում ձեռքը։

— Ասացի, որ էլ չե՛մ տալ, խելք ունես՝ ձեռքդ ե՛տ քաշիր, թե չէ՝ կրակով կայրեմ։

Մեռելը չուզեց ձեռքը ետ քաշել, Աներկյուղը պինդ բռնեց ձեռքիցը և խանձուղով այրեց։ Հսկան վեր թռավ տեղիցը և ընկավ Աներկյուղի վրա, բայց նա իր անվեհերությունը չկորցրեց, այլ՝ ջուխտ ոտները գրկեց և հսկային գետին գլորեց։ Նա վեր կացավ փախավ, որ Աներկյուղը իրան չճանաչի։ Աներկյուղը հալվան տարավ ավազակապետին տվավ և պատմեց մեռելի արարմունքը։

— Օ՜… այդպես բան չի լինիլ,– ասաց նա,– երևի վախեցել ես, և աչքիդ այդպես է երևացել։

— Կարելի է,– ասաց Աներկյուղը՝ չիմանալով, թե ի՛նչ բան է աչքին երևալը.– ուրեմն, եթե վախն այդ է՝ ես նրա գլխին լավ օյին դրի։

Ավազակապետը այս փորձից հետո Աներկյուղին շինեց իր լրտեսը և լրաբերը։ Նրան ուղարկում էր ամեն տեսակ վտանգավոր տեղեր, և նա գնում էր երբեմն ձիով, երբեմն ոտքով և ամեն հանձնարարություն այնպես էր կատարում, որ ավազակներն իրանց նպատակին չհասնեն և հաջողություն ունենալու տեղ անհաջողության հանդիպեն։

Այս պաշտոնի մեջ նա բավական վարժվեցավ թուր և նիզակ բանացնելում, ձիով ու հետի արշավանք անելում և դարձավ ավազակների մեջ ամենից կտրիճը, բայց ավազակ չդառավ, այլ՝ ավազակներ կոտորող։ Նա երբ որ հանդիպում էր մի քարվանի՝ նրանց զգուշացնում էր, թե ի՛նչ տեղ պիտի իջնեն, և իմաց էր տալիս, թե՝ այսինչ ժամանակ պիտի հարձակվեն ավազակները, բայց չվախենան, ինքն օգնության կհասնի։ Եվ ճշմարիտ. երբ գնում էին հարձակմունք գործելու թե՛ քարվանի և թե՛ գյուղի վրա՝ նա փոխում էր իր գդակը, դեմքը ծածկում և հարձակվում ավազակների վրա. որի՝ գլուխը ջարդում, որի՝ կուռը կոտրում, ավազակներից հափշտակում, վերադարձնում տերերին և ինքը կրկին խառնվում նրանց մեջ և հետները գնում։ Մեկ, երկու, երեք այսպես որ արավ՝ ավազակապետի սիրտը կասկած ընկավ, և այն մտքին եկավ, որ այս բանն անողը Աներկյուղն ի՛նքն է և ո՛չ ուրիշ մարդ…

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 

վաղօրոք-Նախօրոք

մինուճար-Ծնողների միակ զավակը

2. Բնութագրի՛ր  Աներկյուղին:

Աներկյուղը շատ խելոք Էր բայց քանի որ նա հասկացելն էր որ նրա կողքի բոլոր մարդիք գիժ են նե էլ էր ձև անի որ ինքը գիժ է։

3. Գրի՛ր խիզախ բառի հոմանիշները և հականիշները:

հոմանիշները — Քաջ

հականիշները — վախկոտ

4. Հեքիաթից դուրս գրի՛ր բարբառային բառեր և արտահայտություններ, բացատրի՛ր: 

Էլել -եղել

Հապա — ապա

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

Առաջին մաս

«Երեխե՛ք, նայեցեք այս վայր ընկած չինարի ծառին, տեսեք ինչպես մեկնվել է, և արդեն սկսել է փտիլ։ Մի ժամանակ սա դալար է եղել և ձեզ նման փոքր։ Բայց երբ որ սկսել է բարձրանալ՝ շատ գոռոզացել է։ Պտուղ չի ունեցել, որ ճղները կռացներ, գլուխը խոնարհեցներ։ Աստված սրան բարձրանալու շնորհք է եղել տված, բայց սա իր գլխի պատիվը չի իմացել, Աստուծո ողորմությունը չի հասկացել։ Այս հիմարն ուզեցել է այնքան բարձրանալ, որ գլուխը երկինք հասցնե և իր ճղներով երկնքի սիրտը ծակծկե։ Աստված բարկացել է սրա գոռոզ մտածության վրա և ահագին բարձրությունից տապալել է»։

Այս խոսքն ասողը Գյուլնազ տատն էր, որի անունը դուք, իմ փոքրիկ ընթերցողներ, պետք է որ լսած լինիք։ Լուսահոգին ամեն բան գիտցող մի պառավ էր և շատ երեխայասեր։ Օրը ցերեկով բոլոր երեխեքս հավաքվել էինք մոտը, հոգնած լինելով շատ խաղալուց, որ տատիկը մի բան պատմի մեզ, որ մենք հա՛մ լսենք, հա՛մ հանգստանանք։

Դուրսը, կանաչ խոտի վրա, մի տանձենու շվաքում էինք նստոտել։ Եղանակը գարնանային էր։

– Մենակ ծառերը չեն, որ հիմարաբար գոռոզանալ գիտեն, մի ժամանակ մարդիկն էլ են այդպես եղել։ Նրանք էլ մի աշտարակ են շինել այն մտքով, որ նրա ծայրը երկինք հասցնեն և այնտեղից Աստուծո հետ կռիվ սկսեն։ Աստված համբերել է միառժամանակ, մինչև նրանք աշտարակի ծայրը մոտեցրել են երկնքին և սկսել են ավելի գոռոզանալ։ Դրա վրա Աստուծո համբերությունը հատել է. նրանց աղմուկից ու աղաղակներից ձանձրացած՝ սաստիկ քամի է բարձրացրել և աշտարակի ամեն մի քարը, ամեն մի քարփիչը ուրիշ-ուրիշ աշխարհք է գցել…

– Ո՜ւհ, ինչքա՜ն բարձր է եղել այդ աշտարակը, որ ծայրը մինչև երկինք է հասել,– բացականչեց երեխաներից մեկը։

– Աշտարակը չի եղել բարձր,– ծաղրեց նրան մի ուրիշը,– այլ՝ երկինքն է եղել ցածր։ Այնպես չէ՞, տատիկ, որ երկինքն առաջ մեզանից շատ մոտիկ է եղել։

– Այո՛, երկինքը մեզանից մոտիկ է եղել, բայց այդ եղել է աշտարակը շինելուց առաջ։ Աշտարակը շինելիս երկինքը բարձր է եղել, և աշտարակն էլ այնքան բարձրացրած են եղել, որ նրա գլուխը գետնքից երևալիս չի եղել, այնքան բարձր է եղել, որ ձմեռը նրա վրա բարձրացողը մինչև ամառը հազիվ է եղել ցած գալիս… Բայց դրանից առաջ, ճշմարիտ է, երկինքը շատ մոտիկ է եղել մեզանից, այնքան մոտիկ, որ երեխեքը գնդակ խաղալիս շատ անգամ երկնքին է եղել դիպչում գնդակը և այնտեղ էլ մնում։

– Ինչո՞ւ էր այնտեղ մնում գնդակը, տատի՛կ, թող դիպչեր, էլ ետ վայր ընկներ,– հարցնում էինք մենք և միևնույն ժամանակ ավելի մոտենում տատիկին, որ լավ լսենք նրա պատմությունը երկնքի մոտիկության մասին։

– Նրա համար էր այնտեղ մնում, որ երեխեքը մյուս անգամ երկնքին չխփեն և Աստծուն անհանգիստ չանեն։ Հապա չե՞ք լսել, որ մեկ անգամ Արևամանուկը պատահմամբ իր նետը դիպցրել էր Արեգակին, նա էլ անիծել էր Արևամանուկին դրա համար և ասել. «Այսուհետև ցերեկները չապրիս դու, որ իմ երեսը չտեսնես»։ Այնուհետև խեղճ Արևամանուկը ցերեկները մեռնում է եղել և գիշերը կենդանանում։ Նրան այդ պատժից ազատում է Արևահատը՝ Օձամանուկի նշանածը։ Բայց Արևահատի վերջը ձեզ չեմ պատմել, կարծեմ։

– Հիմա՛ պատմիր, տատի՜կ, հիմա՛ պատմիր,– աղաղակեցին երեխաներից մի քանիսը, իսկ մյուսները զանազան հարցումներ արին երկնքի մոտիկության մասին…* * *Գյուլնազը մի բան պատմելիս պարապ չէր նստում, նա կամ գուլպա էր անում, կամ իլիկ մանում և կամ, ակնոցը քթին դրած, երեխաների պատռտած շորերն էր կարկատում։ Երբեմն էլ՝ ձեռքի գործը մի կողմ էր դնում և երեխաներից մեկի կամ մյուսի գլուխը քաշում դնում ծնկան վրա, որ տեսնի՝ հարսները լա՞վ են լվացել երեխի գլուխը և մաքրել, թե՞ ոչ։ Նա միևնույն ժամանակ առանց ուշադրության չէր թողնում տան հոգսը, շատ անգամ միջահատում էր իր պատմությունը և զանազան հրամաններ տալիս այս և այն հարսին։ Երեխեքս գիտեինք այդ և ամենայն զգուշությամբ փաղաքշում էինք նրան, փայփայում, որ նա ուրիշ ոչ մի բանի վրա ուշադրություն չդարձնե, այլ միայն մեզանով զբաղվի, մեր հետաքրքրությունը լցնե։
* * *

«Այո՛, մի ժամանակ երկինքը շատ մոտիկ էր երկրից,– շարունակեց տատիկը։– Երկնքից լսվում էր Աստուծո ձայնը։ Նա այնտեղից խոսում էր մարդոց հետ և հայտնում էր նրանց իր կամքն ու հրամանը, պատվերներ էր տալիս և հասկացնում էր, թե՝ ի՛նչ պետք է անեն և ի՛նչ չպետք է անեն։

Ուղիղ կես գիշերին լսվում էին հրեշտակների քաղցր մեղեդիքը։ Աքաղաղներն ամենից առաջ էին լսում նրանց ձայնը և իրանց միաձայն կանչյունով զարթեցնում էին մարդկերանցը, որ վեր կենան և հրեշտակների հետ միասին փառաբանեն Աստուծո հազար ու մեկ անունը…

Աքաղաղները հիմա էլ են լսում հրեշտակների ձայնը֊ ավելացնում էր տատիկը և խոր հոգոց քաշում մի այնպիսի ձևով, որ կարծես ինքն ապրած լիներ այն հին ժամանակումը, իր ականջովը լսած լիներ Աստուծո ձայնը և հրեշտակների մեղեդիքը, և այժմ՝ զրկված այն երջանկությունից»։* * *

Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։

«Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Գյուլնազ տատը մի երկար հեքիաթ էր պատմում, որի մեջ Մութ կամ Ներքի աշխարհի մասին մի այսպիսի կտոր կար.

– Անտես-Աննմանին դևը փախցրեց։ Թագավորազն Գուրգենը, որ Աննմանի փեսացուն էր, վեր առավ իր երկու եղբայրներին և դևի հետքովը գնաց և գտավ նրան մի հորի մեջ։ Դևը մրափած էր։ Այդ երևում էր նրանից, որ հորի բերանից ծուխ ու բոց էր բխում։ Այդ դևի արտաշնչությունն էր։ Մեծ եղբորը կախեցին հորի մեջ, որ երթա ազատե Աննմանին, նա չկարողացավ կրակին դիմանալ և աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա, այրվեցա՜»… Նրան դուրս քաշեցին և միջնակին կախեցին, նա էլ աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա՜»։ Նրան էլ դուրս հանեցին։ Հետո Գուրգենն ասաց. «Հիմա ի՛նձ կախեցեք, և ինչքան էլ աղաղակելու լինիմ, թե՝ այրվեցա, վեր չհանեք»։ Եվ ճշմարիտ՝ Գուրգենը գնաց մինչև հորի հատակը, առանց ձայն հանելու։ Այնտեղ նա գտավ Անտես-Աննմանին։ Նրա ծնկան վրա էր դրել հրեշ դևն իր գլուխը և քառասուն օրով մրափել։ Այնտեղ կախած էր և դևի թուրը։ Միայն այն թրովը կարելի էր կտրել նրա գլուխը և այն էլ՝ մեկ զարկով միայն, եթե երկրորդ անգամ զարկեին՝ նա կրկին կկենդանանար։

Աննմանը ծունկը դուրս քաշեց թե չէ դևը զարթեցավ և իսկույն ոտքի կանգնեց, բայց և միևնույն ժամանակ թուրը պսպղաց, և դևի գլուխն ընկավ գետին։ «Մեկ է՛լ զարկիր, մեկ է՛լ, մեկ է՛լ»…– ղլղլացրեց գլուխը, բայց Գուրգենը չզարկեց և ասաց. «Ես մեկ անգամ եմ ծնվել իմ մորից և ոչ թե երկու անգամ»։

Հրեշ դևին սպանելուց հետո Գուրգենն ու Աննմանը պտտեցին դևի ստորերկրյա ընդարձակ բնակարանը, և ինչ որ գանձ ու հարստություն ուներ՝ բոլորն Էլ ժողովեցին և վեր բարձրացնել տվին։ Երբ որ մնացին միայն իրանք՝ սկսեցին երկար վիճել, թե՝ ո՛վ իրանցից առաջ բարձրանա։ Աղջիկը տեսավ, որ Գուրգենը համառությամբ չի ուզում ինքն առաջ բարձրանալ, ասաց նրան. «Ես շատ կասկածում եմ, թե՝ միգուցե քո եղբայրներդ քեզ վեր չհանեն, և դու մնաս հորի մեջ։ Եթե իմ նախազգացմունքս կատարվելու լինի՝ դու կերթաս դևի գոմը, այնտեղ քո առաջդ կգան մի սև այծ և մի սպիտակ ոչխար, եթե կարողանաս ոչխարի վրա նստել՝ նա քեզ վեր կհանե Լույս աշխարհք, իսկ եթե չկարողանաս, և այծն ընկնի տակդ՝ նա քեզ կտանե Մութ աշխարհք, որտեղից դու այլևս Լույս աշխարհք ընկնիլ չես կարող»։ Այս ասելուց հետո Աննմանը վեր բարձրացավ, իսկ Գուրգենին նրա անիրավ և անգութ եղբայրները թողեցին հորի մեջ…

Գուրգենը շատ աղաչեց, պաղատեց և տեսավ, որ իր եղբայրների սիրտը քարացել է, ճարը կտրած՝ գնաց դեպի դևի գոմը, որ փորձե իր բախտը՝ նստե ոչխարի վրա։ Բայց անիրավ այծը այնքան ճարպիկ էր, որ ոչխարին պոզահարելով մի կողմ ձգեց, և ինքն ընկավ Գուրգենի տակը և տարավ ձգեց Մութ աշխարհքը։

Այդ աշխարհն էլ մեր աշխարհի նման քաղաքներ և գյուղեր ուներ, և մինչև անգամ գիշեր ու ցերեկ կար, թեև ասվում էր՝ Մութ։ Նա մի քաղաքում իջևանեցավ մի պառավի տան և նրանից իմացավ, որ քաղաքացիք ջրի պակասության համար շատ նեղության մեջ են։ «Ամբողջ քաղաքում մի աղբյուր կա միայն, բայց նրանում էլ բույն է դրել մի ահագին վիշապ, և ամենայն օր մեկ աղջիկ են տանում գցում նրա երախը, որ ապա թույլ է տալիս ջուր վերցնելու։ Էգուց էլ հերթը մեր թագավորի միամոր աղջկանն է, նրա՛ն պիտի տանեն ահռելի գազանի բերանը ձգեն»,– ասաց պառավը և սկսեց լալ։

Գուրգենը շատ ծարաված էր, այս որ լսեց՝ նրա ծարավն ավելի ևս սաստկացավ։ Մյուս առավոտ, դեռ լույսը չբացված՝ վեր կացավ նա և պառավին էլ զարթեցրեց, որ տանե աղբյուրի տեղը ցույց տա իրան։ Պառավը տարավ նրան և հեռվից ցույց տվավ աղբյուրը։ Գուրգենը՝ դևի թուրը ձեռին, մոտեցավ և տեսավ մի լիճ, որի մեջ մեկնվել էր վիշապը՝ մի ահագին լեռնակղզու պես։ Ամբողջ լիճը ժահահոտությամբ[1] և ապականությամբ թունավորված էր։ Վիշապի գլուխը գտնվում էր աղբյուրի ակնումը, որ բխում էր մի լայնաբերան քարայրից։ Նա անշարժ էր, կարծես թմրած լիներ կամ մրափած։

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

գոռոզացել

շվաքում-ստվեր

2. Բնութագրի՛ր Գյուլնազ տատին:

Ինձ թվում է որ Գյուլնազ տատին շատ վատը չեր և նա խորհուրդներով օգնում էր թոռնիկներին։

3. Առաջին հատվածից դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողը կամ տողերը և մեկնաբանի՛ր: 

4. Կարդա՛ տեղեկություններ Աղայանի մասին (բանավոր ներկայացնել դասարանում): 

 ՏԱՂԱՐԱՆ

2. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած բանաստեղծությունները, մեկնաբանիր։

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

3.Շարքի բանաստեղծությունները հիմնականում ինչ բովանդակություն ունեն, ինչ թեմայով են գրված։ 

Այս բանասռեղծությունը սիրո մասին է։

4. Ի՞նչ է տաղը, ո՞ւմ է նվիրված շարքը։

Տաղարան նշանակում է բանաստեղծություններ կամ երգեր։

 նվիրված է կնոջը՝ Արփենիկին։

5. Ո՞րն է բանաստեղծությունների լեզվական առանձնահատկությունը։ 

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր բառերը՝

արևահամ-Շատ քաղցր,անուշ

սազ-երժշտական գործիք

ողբանվագ-Ողբի նվագ

արնանման-արյան գույն

վիշապաձայն-Վիշապի ձայնով

վսեմ-գերագույն

հնամյա-Հին

խրճիթ-Տնակ

խոցել-վիրավորել

յար-Սիրելի անձ

փառք-շքեղություն

2. Դուրս գրի՛ր բարդ բառեր։ 

արևահամ,ողբանվագ,վիշապաձայն,արնանման,լացակումած,հազարամյա,արնավառ։

3. Քո բառերով ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը։ 

4. Համացանցից ճշտի՛ր ,թե ովքեր են Նարեկացին և Քուչակը։

5. Դուրս գրիր մակդիրները։ 

Կարդում ենք Չարենց

Հնչում են օրերը, կանչում են,

Օրերը – կարմիր ու բոսոր.

Օրերը ղողանջ ու հնչյուն են,

Զնգում են՝ հրե ու հզոր: 

Ու սիրտս զնգում է, զնգում է,

Թռչում է՝ կրակ է ու բոց.

Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը, 

Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ… 

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,

Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.

Ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա – 

Անդարձ է կարոտը երգիս: 

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն 

Երգերս զնգան ու հնչեն 

– Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը 

Երգերս այս վառ ու հնչեղ…

1. Բացատրի՛ր բառերը՝

բոսոր-Կարմիր

ղողանջ- զրնգոց

հրե-ընկնել

բոց-Կրակ

գալիք-Ապագա

2. Ի՞նչ գույն է փոխանցում բանաստեղծությունը։ Դո՛ւրս գրիր գույն արտահայտող բառերը։ 

Օրերը – կարմիր ու բոսոր.

Թռչում է՝ կրակ է ու բոց.

կարմիր

բոսոր

նարնջագույն

3. Ի՞նչ տրամադրություն, զգացում է փոխանցում բանաստեղծությունը։ 

բանաստեղծությունը մարդու կյանքի մի մասն է։

4. Փորձ՛ր մեկնաբանել բանաստեղծությունը։ 

Կարդում ենք Չարենց ․ Տաղարան

Թմկաբերդի առումը

ՆԱԽԵՐԳԱՆՔՀե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

IՆադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան։

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։

Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։

Իրան, Թուրան ողջ եկել են,
Թաթուլն անհաղթ, աննըկուն,

Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն։

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։

IIԷն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝
Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։

IIIՈւ կըռվի դաշտում Շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի,
Նըրան՝ իր տեսքով, հասակով, ասին,

Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,
Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կըտիրես և Թըմուկ բերդին,
Որ չես կարենում էսքան ժամանակ։

IVԷսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին․
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Արևի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար․
Ո՜վ կանի նըրան գետնին հավասար,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Պարում է ասես կըռիվ գընալիս,
Գետընքից վերև թըռչում ման գալիս,
Ո՜վ ցած կըբերի նըրան թըռչելիս,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Թեկուզ և արար աշխարհ գա վըրան,
Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան,

Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

VՈւ ղըրկեց Շահը իր թովիչ երգչին,
Գընա տե՛ս, ասավ, Թըմկա տիրուհուն,
Երգի՛ իմ սերը նըրա առաջին,
Պատմի՛ իմ փառքը ու գանձը անհուն։
Խոստացի նըրան իմ ոսկի գահը,
Խոստացի նըրան ամե՜ն, ամեն բան,
Ինչ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կընկան։

―――――――――――Ուր ահեղ կըռվով չի մտնիլ արքան,
Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.
Եվ ահա մի օր ծեր, թափառական
Մի աղքատ աշուղ մըտավ Թըմկաբերդ։

VIԳոռում են, դողում Թըմկա ձորերը,
Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման.
Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման։

Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման.
Երգում է աշուղն իր Շահի սերը,
Անհուն գանձերը ու փառքն անսահման…

Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին․
Եվ վըրդովում են իր միտքը թաքուն
Դավաճան գործի ամոթը խորին
Եվ արքայական փառքն ու մեծություն…

    Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
    Ա՛յ նազանի աննըման.
    Նայի Շահի՜ն, իրեն զորքի՜ն,
    Աշխարհքի տերն անսահման…

    Մեզ պես տըկար մարդ է նա էլ՝
    Սիրուններին միշտ գերի.
    Քու ճակատին թագ է վայել․
    Լինիս շքե՜ղ թագուհի…

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից…
Ու դարձավ նա լո՜ւռ, դալո՜ւկ, մըտախո՜հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից…

VIIԴարձավ իր կըռվից իշխան Թաթուլը,
Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,
Սըրբեց, պատյանը դըրավ կեռ թուրը,
Ցնծության ձայնից դողաց Թըմկաբերդ։

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը։

Պըտույտ է գալի չըքնաղ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

— Է՜յ, տեր աստված կըտրուկ անի
Թուրը մեր քաջ իշխանի,
Նըրա շուքը միշտ հանապազ
Մեր գըլխիցը անպակաս։

Ու թընդում է Թըմուկ բերդը
Էն աղմուկից խընդության,
Որոտում են տաղն ու երգը
Գոռ ձայներով հաղթական։

— Էն մըթին ամպից արծի՞վն է իջնում,
Սարի արծիվը շեշտակի թափով։
— Էն Թըմկա բերդից Թաթուլն է իջնում,
Թըշնամու հոգին լըցնում սարսափով։

— Էն Թըմկա ձորում սև ա՞մպն է գոռում,
Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու։
— Էն Թըմկա ձորում Թաթուլն է կըռվում,
Էն թուրն է շաչում էնպես ահարկու։

Ի՜նչ սարի արծիվ կըհասնի քաջին,
Ի՜նչ Շահ կըկանգնի նըրա առաջին։

Ու չի դադարում երգի հետ վարար
Կախեթի գինին խելագար հոսել․
Խըմում են տիկնոջ թանկ կյանքի համար,
Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել։

Խըմում են կըռվող քաջերի փառքին,
Որ կըռվի դաշտում կյանք չեն խընայում,
Եվ ընկածների սուրբ հիշատակին,
Որ երկընքից են այժմ իրենց նայում…

Պըտույտ է գալի ծաղիկ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Օ՜ֆ, տիրուհի, աստված վկա,
Էլ չենք կարող մենք խըմել.
Էլ ուժ չըկա, էլ տեղ չըկա,
Շատ ենք խըմել ու հոգնել…

Ու հանգչում է Թըմուկ բերդը
Պապանձվում է ու մարում,
Հարբած, հոգնած տերն ու զորքը
Մըրափում են խավարում։

VIIIԼուռ ու խավարչտին կամարների տակ,
Հոգնած ու քընած բազմության վըրով
Թըռչում են, թըռչո՜ւմ, սև, չարագուշակ
Երազներն ահեղ, անվերջ խըմբերով։

Երազ է տեսնում Թաթուլ իշխանը,
Որ վիշապ օձը եկել է ահա,
Եկել, փաթաթվել, իր բերդը պատել,
Գըլուխը դըրել ետ պոչի վրա։

Ու բարձրացնում է հըրեշն ահռելի,
Իրեն գըլուխը բարձրացնում է վեր,
Բարձրացնում մինչև բարձունքը բերդի,
Մինչև Թաթուլի պալատն ու տըներ։

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։

Էսպես է ասում Թաթուլ իշխանը,
Ու զարհուրանքով տեսնում է հանկարծ,
Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ
Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած…

IXԷ՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։

Չըլինի՞ թե հաղթահարված,
Ճարը հատած թըշնամին
Դավ է դընում մութն ու մեռած
Կես գիշերվա էս ժամին։

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

Վե՜ր կացեք, վե՜ր, հարբեցրել է
Իր հաղթական հյուրերին,
Բաց է անում դուռն ու դարպաս
Ձեր դավաճան տիրուհին։

Դա՜վ… դա՜վ… ելե՜ք… կոչնա՜կ… պահնա՜կ…
Զենք առեք շո՜ւտ… ձի հեծե՜ք, ձի՜…
Ճըռընչում են, դըղըրդում են
Դարպասները երկաթի…

XԲաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սև ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։

Հաղթության փառքով ու գինով հարբած
Քընած են բերդի և՛ զորքերն, և՛ տեր,
Ու հավիտյան էլ մընացին քնած,
Դավին անտեղյակ, ցավին անտարբեր։

Նըստած է Շահը․ նըրա առաջին
Ահա իրիկվան քեֆի սեղանը.
Նայում է Շահը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը։

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին…

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Էսպես տիկինը տըվավ պատասխան.
Անհուն ցասումից մըռընչաց Շահը.
— Հե՜յ, դահի՜ճ, գոռաց գազանի նըման.
Դահիճը իսկույն մտավ սրահը։

XIԴահիճն եկավ ոտից գըլուխ
Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկա չըքնաղ տիրուհուն։

Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր։

Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
Սև աչքերը հանեցին։

Անցավ անտես ու աննըման
Էն սիրունը աշխարհից,
Ինչպես ծաղիկն անցած գարնան,
Որ չի ծաղկիլ էլ նորից։

Անցավ զալում էն մեծ արքան
Իրեն փառքով ու զորքով,
Անցավ Թաթուլն էն հաղթական
Ու իր քաջերն էն կարգով։

Ու նըրանից մենակ անմեռ
Էս զրույցը հասավ մեզ,
Որ մեզանից հետո էլ դեռ
Պետք է խոսվի միշտ էսպես։

XIIՀե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։