Երրորդ մաս
Գայլը մի թաթ կծեց, և շներից մեկը վնգստոցով մի կողմ ցատկեց: Գայլը կանգնեց, և շները, շրջապատած, սպասեցին: Շների մեջ կանգնած՝ գայլը նայեց շներին, և նրանք շատ էին, և դժվար էր, անչափ դժվար էր, անհնար էր ազատվել նրանցից ու քարշ գալ դեպի տուն, ուր սպասում էին ձագերը: Ժանիքները բաց՝ գայլը նայեց շներին, շները նայեցին գայլին, մի պահ այդպես նայեցին միմյանց, և գայլը չգիտեր ինչ է անելու, և շները չգիտեին ինչ են անելու: Եվ շներից մեկը փշաքաղվեց, ցատկեց ու լանջով խփեց, շպրտեց գայլին: Գայլը հազիվ կարողացավ չընկնել և հասկացավ, որ ամենավտանգավորը դունչը սև այդ շունն է:
— Այ տղա, հե՜յ… Էդ ո՞վ ես, հե՜յ… հասիր էն շներին օգնիր, հասիր էն շներին օգնիր՝ թող խեղդեն, հե՜յ…- կանչեցին դիմացի բլուրներից:
Ձին հազիվ էր կանգնած մնում: Ձիու գլուխը ծանրանում ու խոնարհվում էր: Ձին զգում էր, որ քուռակը ծծում է, և հազիվ կարողանում էր ուրախանալ քուռակի ծծելուց: Ձիու գլուխը հակվեց, ծալվեցին նաև առջևի ոտքերը, իսկ քուռակը դեռ ծծում էր: Ձին փուլ եկավ: Քուռակը հիմա կանգնած էր ձիու մոտ և սպասում էր մոր ելնելուն, սակայն մայրը չէր ելնում: Քուռակը դնչիկով խփեց մոր փորին, սակայն մայրը չկանգնեց, չշարժվեց: Քուռակը նստեց մոր փորի մոտ, և ետևի ոտքը սաստիկ ցավեց, և սկսեց ծծել: Եվ մայրը դեռ կաթ էր տալիս, դեռ վարար, վարար, վարար կաթ էր տալիս, վերջին անգամ կաթ էր տալիս իր այլևս որբ քուռակին, իր կյանքում ունեցած ամենագեղեցիկ քուռակին, որն աստղազարդ էր, սև բաշն ու պոչը՝ գանգուր, սրունքը՝ սպիտակ և ճակատին՝ աստղածաղիկ, որը մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով:
Գայլը, համենայն դեպս, կարողացավ փախչել: Եթե փախչել չկարողանար, նրա ձագերը որբ կմնային և, բոլորովին անօգ էին, կկոտորվեին, և գայլը կարողացավ փախչել: Դա փախուստ չէր, դա նահանջ էր քայլ առ քայլ, ցատկ առ ցատկ, մի քանի ցատկ առ մի քանի ցատկ. մի քանի ցատկից հետո, երբ շները հասնում ու քիչ էր մնում բռնեին, գայլը շուռ էր գալիս փշաքաղվում ու ժանիքները բացում, և շները կանգ էին առնում, և գայլը դարձյալ մի երկու ցատկ հեռանում էր:
Սևադունչ հսկա գամփռը այդպես էլ չկարողացավ բռնել գայլի բուկը, և գայլը չկարողացավ կծել ու վախեցնել նրան, բայց սևադունչ գամփռը գայլին հիմա չէր հետապնդում, որովհետև գայլի վզից մի փունջ մազ էր մտել նրա բերանը, և սևադունչը հիմա ետ էր ընկել և որձկալով ու փռշտալով՝ զզվանքով մաքրում էր բերանը: Սևադունչը չէր հետապնդում, իսկ մյուս շները վտանգավոր չէին, որովհետև վարպետ չէին:
Շները կորցրին գայլին, ապա կորցրին նաև հետքը, բայց երկար ժամանակ պտտվում, վազում, խառնվում ու ոռնում էին կանաչ հովտի մեջ, ուր հիմա մթնել էր ժայռը, հանգիստ կանգնած էր կաղնին, իր մի երկու ծաղկաբաժակը ցող հավաքելու էր պարզել մասրենին, և ուր ընկած էր կարմիր պառավ ձիու մարմինը: Քուռակը կանգնած էր մոր մոտ և մի քիչ անհանգստանում էր, կարծես թե արդեն հասկանում էր պատահածը:
Մայրամուտի տակ ամբողջ հովիտը լուսավոր կանաչ էր, և սև էր, շատ մուգ սև էր պառավ կարմիր ձիու շուրջը: Պառավ ձիու կարմիր մարմինն ընկած էր այդ սև շրջանակի մեջ: Այդ սև շրջանակը ձիու և գայլի կռվի տեղն էր, այդ սևը ձիու տրորածն էր: Այդ սև, տրորված, քանդված, շատ տրորված գետնին նայելով կարելի էր հասկանալ, թե ինչքան երկար ժամանակ էր պտտվել պառավ ձին գայլի հետ ինքն իր շուրջը:
Սև այդ շրջանակը այդպես սև էլ մնաց մի երեք տարի, մի երեք տարի այդտեղ խոտ չէր ծլում, և մեր հին լավ ձիու սպիտակ կմախքն ընկած էր այդ սև շրջանի մեջ: Հետո կանաչը հաղթեց. կանաչը ծլեց այդ սև շրջանի մեջ, կմախքի արանքներից ծաղիկներ ծաղկեցին, խոտեր ելան, փարթամացան, և կանաչ հովիտը հիմա լիովին կանաչ է:
Երբ բլուրների գլխից նայում ես, կանաչ հովիտը լիովին կանաչ է, կաղնին վեհորեն կեցած է կանաչ հովտում, ժայռը նիրհելով ունկնդրում է ամպերի շրշյունը, մասրենին իր հինգ հատ ծաղկաբաժակը պահել է արևի տակ, և կանաչ դաշտում կապած արածում է աստղազարդ մի ձի՝ ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ, ոտքերը երկար, վիզը երկար, բաշն ու պոչը արևախանձ ու թուխ, ճակատին՝ սպիտակ աստղածաղիկ: Երբ քայլ է դնում, ետևի աջ ոտքը մի քիչ ձգվում է, ջղային դողի պես, հին սպիի պատճառով:
Աստղածաղիկ ճակատով ձին բարձրացնում է գեղեցիկ գլուխը, և նրա աչքերի մեջ արտացոլվում են ժայռը, կաղնին, ծաղկած մասրենին, կանաչ հովիտը և կապույտ երկնքի սպիտակ ամպերը:
— Վերջացա՞վ:
— Վերջացավ:
— Ոչ:
— Ինչո՞ւ ոչ:
— Ձի մայրիկը թող չմեռնի:
— Ես չեմ կարող ասել, թե մայր ձին չմեռավ, որովհետև մայր ձին մեռավ: Երբ փոքրիկ հովիվը վազելով իջավ բլուրների գլխից, մայր ձին մեռած էր, քուռակը տխուր կանգնած էր մոր կողքին: Երբ այն հովիվը, որ կանչում էր՝ «Այ տղա, հե՜յ», այդ հովիվը երբ իջավ դիմացի բլուրներից, մայր ձին արդեն լրիվ սառած էր, և ծեր հովիվն ու փոքրիկ հովիվը մի քիչ նստեցին պառավ կարմիր ձիու կողքին և մտածեցին, թե ինչպես են պահելու քուռակին:
— Հետո, ինչպե՞ս պահեցին:
— Մի ուրիշ ձիու կաթով:
— Ոչ, մայրը թող չմեռնի:
— Ես չեմ կարող ասել, թե մայրը չմեռավ, որովհետև ամբողջ ամառն այդ որբ քուռակին ես կերակրում էի ուրիշ ձիերի կաթով:
— Ասե՞մ թող ինչ լինի:
— Ասա:
— Բլուրների մյուս երեսի հովիվը թող բլուրների գլխին լինի և գայլին շուտ նկատի:
— Հովիվը բլուրների մյուս երեսին էր և գայլին նկատեց այն ժամանակ, երբ դուրս եկավ բլուրների գլուխ:
— Ձին ինչո՞ւ մեռավ:
— Երբ նստած էին պառավ կարմիր ձիու մարմնի մոտ, ծեր հովիվը փոքրիկ հովվին ասաց, որ ձիու սիրտը պայթել է քուռակի համար վախենալուց, և զզվանքից ու կատաղությունից:
— Գայլի՞ց էր զզվել:
— Այո, գայլից:
— Շները գայլին թող խեղդեն:
— Ես չեմ կարող ասել, թե շները գայլին խեղդեցին, որովհետև մեր սևադունչ շունը գայլի մազ էր կուլ տվել և քիչ էր մնում ինքը սատկի:
— Փոքրիկ հովիվը դո՞ւ էիր:
— Ես էի, ձին մեր ձին էր, քուռակը մեր ձիու քուռակն էր:
— Հիմա քուռակը մեծացե՞լ է, կապա՞ծ է կանաչ հովտում:
— Այո, մեծացել է, կապած է կանաչ հովտում:
— Իր կարմիր մայրիկին հիշո՞ւմ է:
— Գուցե հիշում է իր կարմիր մայրիկին, որովհետև ձիերը հիշում են:
— Դե նորից պատմիր:
— Կայծակը չոր ճայթյունով բախվեց որձաքարե ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ: Մոխրագույն ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ որձաքարե այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր: Միայն թե մի քիչ վախեցավ կաղնին, որովհետև կայծակները խփում ու խանձում են կաղնիները, և շատ վախեցավ երկարոտն աստղազարդ փոքրիկ մտրուկը. քուռակին «մտրուկ» են ասում… այնպես վախեցավ, որ փախչում էր իբր մոր մոտ, բայց մորը չէր տեսնում և փախչում էր ուրիշ կողմ: Եվ կարմիր պառավ ձին մեղմ խրխինջով հայտնեց նրան իր տեղը…
1. Ձի-գայլ հակադրության մեջ ո՞ւմ կողմն է հեղինակի համակրանքը: Պատասխանդ պատճառաբանիր:
Ինձ թվում է որ հեղինակը ձիու կողմիցեր որովհետև այտեղ կայն շներ։
2. Բացատրի՛ր այս պատկերը: Մայրամուտի տակ ամբողջ հովիտը լուսավոր կանաչ էր,սև էր, շատ մուգ սև էր պառավ կարմիր ձիու շուրջը: