Կարմիր ձին նետվեց դեպի քուռակը, թափով նետվեց դեպի գայլն ու քուռակը, բայց տապալվեց: Նա պառավ ձի էր, ուրիշ անգամներ էլ ընկել էր, բայց ոչ մի անգամ այդպես անսպասելի չէր տապալվել: Տապալվեց ու ելավ միանգամից: Նրան տապալել էին իր հուժկու թափն ու պարանը: Պարանը նրան խեղդում էր, պարանը նրան չէր թողնում թռչել իր փոքրիկի մոտ:
Քուռակը փախչում էր մասրենուց դենը հեռու մի տեղ, քուռակն ուզում էր դեպի մայրը գալ, երկար շրջան տալով՝ քուռակը ձգտում էր դեպի մայրը, բայց գայլն ամեն անգամ կտրում էր նրա ճանապարհը և նրան հեռացնում ու դարձյալ հեռացնում էր: Իսկ պարանը խեղդում էր մորը: Եվ քուռակը ցատկեց գայլի վրայով դեպի մայրը, բայց գայլը տակից բռնեց նրա ետևի ոտքը, և քուռակն ընկավ: Քուռակը ճչաց ու վեր ցատկեց:
Բլուրների մյուս երեսին լսվեց քուռակի սուր ծղրտոցը, և գամփռ շները սրվեցին, և գամփռ շների մեջ սրվեց սևադունչ Թոփուշ շունը:
Քուռակը ճչաց ու վեր ցատկեց, և այդ ժամանակ մայրը ծառս եղավ և ամբողջ ծանրությամբ ու ամբողջ կատաղությամբ ձգվեց դեպի գայլն ու քուռակը, և պարանը կտրվեց ու մտրակվեց մոր ոտքերին: Մայրը գնաց ամբողջ թափով, ամբողջ ուժով, ամբողջ կատաղությամբ ու ամբողջ սիրով: Նա շատ արագընթաց զամբիկ էր, բայց իր կյանքում երբեք այդպես թռիչքի պես չէր սլացել:
Բլուրների մյուս երեսին լսվում էր նրա սմբակների խուլ դոփյունը: Հետո բլուրների մյուս երեսին հովտի ոչ մի ձայն չէր լսվում, և գամփռ շներն ու փոքրիկ հովիվը խաղաղվեցին:
Գայլը քուռակին թողեց ու ազատվեց տրորվելուց: Ձին հարձակվում էր, և գայլը մի քիչ փախավ: Ձին դարձյալ գալիս էր, և գայլը մի քիչ էլ ետ քաշվեց: Դունչը գետնին հպած՝ ձին գալիս էր, դանդաղ, սպառնալի՝ ձին գալիս էր, գայլը ճապաղվեց գետնին և ահա-ահա կարող էր ցատկել ու կախվել ձիու ռունգներից, և ձին շուռ եկավ:
Ձին շուռ եկավ, և գայլը ցատկեց ու կանգնեց ձիու դեմ: Քուռակը լանջի տակ՝ ձին դարձյալ շուռ եկավ, և նրա հետ պտտվեց նաև գայլը: Գայլը անընդհատ պտտվեց, և ձին անընդհատ շուռ եկավ: Երկու կարճ ցատկով գայլը հայտնվեց ձիու դնչի տակ, բայց ձին դարձյալ հասցրեց շրջվել ու աքացի շպրտել: Մի երկար ցատկով գայլը հայտնվեց ձիու դնչի տակ, և ձին չհասցրեց լրիվ շրջվել, գայլը կարողացավ քերծել ձիու ռունգները, և ձին կարողացավ նրան տրորել առջևի ոտքով: Գայլը ետ քաշվեց, բայց չփախավ, նստեց ու նայեց ձիուն, և ձին էլ նայեց գայլին: Եվ գայլը հասկացավ, որ ձին իր քուռակին պաշտպանելու է մինչև վերջ, և ձին հասկացավ, որ գայլը չի հեռանալու: Ձին քրտնել էր, բայց գայլը նույնպես հոգնել էր: Գայլը նետվեց միանգամից: Դրանից հետո գայլն անընդհատ ցատկեց դեպի ձիու ռունգները, և ձին անընդհատ շրջվեց ու քուռակին անընդհատ պահեց լանջի տակ:
Արդեն երեկո էր, նրանց շարժումները դանդաղել էին, ձիու շուրջը գայլը պտտվում էր դանդաղ, գրեթե քարշ էր գալիս, գրեթե սողում էր, և ձին իր տեղում պտտվում էր դանդաղ, դժվար, երբեմն սայթաքելով և գրեթե ընկնելով: Նրանց աչքերը մթնել էին, և նրանք միմյանց հազիվ էին տեսնում: Հոգնածությունից նրանք խլացել էին:
Փոքրիկ հովիվը դուրս եկավ բլուրների գլուխ և նայեց մայրամուտին: Մայրամուտը կարմիր էր, մայրամուտի տակ գեղեցիկ էր հովտի միակ կաղնին… բայց այն, ինչ տեսավ փոքրիկ հովիվը, այնքան տգեղ էր, որ փոքրիկ հովիվը չէր կարողանում խոսել. գայլը կախվել էր կարմիր ձիու ռունգներից, և կարմիր պառավ ձին չէր կարողանում տրորել գայլին. կարմիր պառավ ձին արդեն-արդեն խոնարհվում էր:
— Այ տղա, հե՜յ,- կանչեցին դիմացի բլուրներից,- էն գելն էն ձիուն խեղդում է, այ տղա, հե՜յ… շներն ո՞ւր են, հե՜յ…
Փոքրիկ հովիվը բերանը բացեց ծղրտալու, բայց չկարողացավ ձայն հանել: Փոքրիկ հովիվը միայն ձեռքերը թափահարեց: Գամփռ շները սրվեցին ու նայեցին: Գամփռ շները տեսան ու թռան… Թոփուշը, Բոբը, Սևոն, Բողարը, Չալակը, Չամբարը: Սևադունչ Թոփուշը վարպետ շուն էր, լուռ գնում ու բռնում էր, նա առջևից հիմա էլ լուռ էր վազում, իսկ Բողարը ջահել շուն էր, գայլերից դեռ մի քիչ վախենում էր. այդ պատճառով էլ հաչում էր դեռ հեռվից, որպեսզի գայլերը փախչեն, և ինքը այդպիսով նրանց հետ չկռվի: Բողարը հիմա գնում էր հաչելով: Բողարը շատ արագավազ էր, նա հիմա Թոփուշից երբեմն առաջ էր անցնում, բայց չէր համարձակվում պոկվել խմբից ու գնալ մենակ, կանգնում էր և հաչելով սպասում Թոփուշին, վազում էր Թոփուշի կողքից, սակայն դարձյալ առաջ էր անցնում և դարձյալ դանդաղում:
Երբ ձին ահա-ահա պիտի ծնկեր, գայլը հեռվում, կարծես երազում, շների հաչոց լսեց: Գայլը չուզեց հավատալ, թե շները հաչելով իր վրա են գալիս. բախտը հո չէր կարող լինել այնքան անողոք, որ իր մեկ լրիվ օրվա չարչարանքն անտեղի անցներ, և ինքը իր երեք ձագի մոտ դառնար քաղցած ու դատարկ:
Երբ իր մեջ այլևս ուժ չկար, և ռունգների ցավերը բթանում էին, և աչքերը բոլորովին մթնել էին, և ականջները լիովին խլացել էին, մայր ձին հեռու-հեռվում շների հաչոց լսեց և հավատաց, որ շները հաչում են իր քուռակի համար և իր համար. բախտը հո չէր կարող լինել այնքան դաժան, որ նրա քուռակն ապրեր ընդամենը մի հունիս: Պառավ ձին գիտեր, որ շները մոտիկ են, և շների հաչոցը հեռավոր է թվում իր հոգնած խլության պատճառով: Պառավ ձին գիտեր, որ ինքը կարող է համբերել մի քիչ էլ, դեռ մի քիչ էլ, մինչև շների հասնելը ինքը պարտավոր է համբերել: Բայց ի՜նչ ծանր է շնչելը, ի՜նչ ծանր բեռ է դարձել այս կյանքը:
Շների հաչոցը պայթեց գայլի հենց ականջների մեջ, բայց գայլը դարձյալ չէր հավատում, որ այդպիսի տանջալից հաջողությունից հետո այդպիսի ձախողություն կպատահի: Ձագերը տանը քաղցած, իր պտուկները դատարկ… Վիզը ծակծկեցին, ականջը ծակծկեցին, և գայլը բաց թողեց ձիու ռունգները: Թաթը բռնել էին: Թաթն ազատելու ուժ չկար: Գայլն ուզում էր քնե՜լ, քնել: Կռվելու ուժ չկար, գայլն ուզում էր մեռնել, հանգստանալ: Գայլը ճապաղվեց և բուկը սեղմեց գետնին, որպեսզի շները բուկը չբռնեն: Շները քրքրում էին նրա մեջքը, վիզը, քաշքշում էին ականջներից, իսկ նա բուկը պաշտպանում և հանգստանում էր շների կույտի տակ:
1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը , բացատրի՛ր բառարանի օգնությամբ
Թոփուշ-մահակ
զամբիկ-Մատակ ձի
ռունգներից-Շուրթ